ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած հորդառատ անձրևին, ուղղաթիռով մեկնել է հիվանդանոց կնոջը՝ Մելանյային տեսակցության, ով մայիսի 14-ին երիկամների վիրահատություն էր տարել, փոխանցում է «ՌԻԱ»–ն։
«Գնում եմ Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն մեր հրաշալի առաջին տիկնոջը՝ Մելանյային տեսակցելու։ Պրոցեդուրան հաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի։ Շնորհակալություն բոլոր բարին կամեցողներին»,– գրել է նա թռիչքից առաջ։
Հիվանդանոցում Թրամփը մոտ մեկ ժամ է անցկացրել։ Այս ընթացքում օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացնում էին մայրաքաղաքին մոտեցող տորնադոյի վտանգի մասին, ուստի նախագահը ստիպված է եղել վերադառնալ մեքենայով՝ լիմուզինով։ Կնոջ հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը դեռ ոչ մի թվիթ չի հրապարակել։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ 48-ամյա Մելանյա Թրամփը երկուշաբթի երիկամների անոթների էմբոլիզացիա է անցել։ Էմբոլիզացիայի ժամանակ փակվում են անոթները, որոնք սնում են նորագոյացությունը, որ կասեցնեն դրա աճը։