Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հյատնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: «Դեպքերը տեղի են ունենում Գազայում, այն բավական հեռու է Երուսաղեմից, առավել ևս՝ հայկական թաղամասից: Այս պահին կարող եմ ասել, որ հայկական թաղամասում ապրում ենք մեր առօրյա բնական կյանքով, խաղաղ է, հանգիստ է, ոչ մի խնդիր չունենք: Շաբաթվա հետ կապված մեր բոլոր ծրագրերն իրականացնում ենք: Անշուշտ, մտահոգ ենք, որ նման բռնություն է եղել», - ասաց Հովնան Բաղդասարյանը:
Անդրադառնալով այդ զարգացումների հնարավոր ազդեցությանը հայ համայնքի վրա՝ Հովնան Բաղդասարյանը նշել է, որ ազդեցությունը կարող է ընդհանուր հասարակության վրա լինել, ոչ թե առանձին հայ համայնքի: «Կարող է այս ամբողջ իրադարձություններն ազդեն հայ առևտրականների, առհասարակ բիզնեսի վրա, ինչը տրամաբանական է, որովհետև հայ առևտրականերն էլ ընդհանուր հասարակության մի մասն են», - ասել է նա: