Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանը մտադիր են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնել: Այս մասին հաղորդում է «The Jerusalem Post»-ը:
Իսրայելի պատգամավորները հայտարարել են, որ օրինագիծը կներկայացնեն, որպեսզի Իսրայելը դառնա 30-րդ երկիրը, որը կճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է ավելի քան 1.5 միլիոն հայ:
«Մենք չենք հանդուրժի, որ մեզ խրատ կարդա արյունոտ ձեռքերով թուրք հակասեմականը, որն ամեն օր հազարավոր քրդերի է ռմբակոծում Սիրիայի հյուսիս-արևմուտքում և որի պետությունը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ցեղասպանության և ասորիների դեմ պատմական ոճրագոծությունների համար»,- ասել է Շմուլին:
Իր հերթին Ամիր Օհանը ընդգծել է, որ երբեք ուշ չէ արդարությունը վերականգնելու համար:
«Ժամանակն է, որ պաշտոնապես ճանաչվի հայերի հանդեպ կատարված սարսափելի անարդարությունը: Երբ Հիտլերը Լեհաստանում ներկայացրեց մարդկանց զանգվածային բնաջնջման մասին իր ծրագիրը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարձագանքի աշխարհն այդ ամենի մասին` Հիտլերն ասաց. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Միայն հենց այս պատճառով մենք պետք է պաշտոնապես ճանաչենք ցեղասպանությունը»,- ասել է Ամիր Օհանը:
Հաղորդվում է, որ վերջնական որոշումն այս հարցի վերաբերյալ պետք է կայացնի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նշենք, որ օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին: