ՀՀԿ-ի գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել, որովհետև օրակարգում նման հարց չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է News.am-ը:
Նրա խոսքով, այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ:
«Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, բնականաբար այս փուլում (առաջիկա 1-2 ամսում) ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ապագային, կնստենք, կքննարկենք, դա պետք է լինի իրավական և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին. «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»: