Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից հնչեցված բողոքին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել կոնկրետ միջազգային միջոցառումների մասնակցությունից միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», - ասել են ՌԴ արտգործնախարարությունից:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի է ունեցել աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակում: Միջոցառմանը հրավիրված են եղել Աբխազիայի օտարերկրյա գործընկերները, այդ թվում և հյուրեր Լեռնային Ղարաբաղից: