Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Հյուրերին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Կիպրոսի ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի և ողջ աշխարհի կողմից, ինչպես և յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչումը պատմական նշանակություն ունի՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:
«Սա է հայերի պայքարը: Մենք միշտ հայերի կողքին կլինենք ոչ միայն որպես բարեկամներ և եղբայրներ, այլև որպես պետություն: Դա մի պարտավորություն է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ողջ մարդկության, որպեսզի երբևիցե չկրկնվեն ցեղասպանություններ»,- ասաց Սիլուրիսը:
Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց.
«Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»: