Թուրքիայում նախագահական ընտրություններն, ըստ ամենայնի, չեն ունենա երկրորդ փուլ: Ինչպես ցույց են տալիս A&G հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հունիսի 24-ին կայանալիք ընտրություններում կստանա ընտրողների ձայների 55 տոկոսը: Էրդողանի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարիմ Ինջեն, հարցումների համաձայն՝ կստանա ընտրողների ձայների 25.3 տոկոսը: Միևնույն ժամանակ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ինջեն կստանա ավելի շատ ձայներ, քան իր կուսակցությունը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նույն պատկերն է նաև Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության դեպքում. հարցումների համաձայն՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է ստանալ ընտրողների մինչև 48 տոկոսի քվեն միայն: Նման պատկերն ընտրություններից հետո կարող է, իհարկե, որոշակի խնդիրներ առաջացնել երկրի ներքաղաքական կյանքում, երբ պետության ղեկավարը չունենա մեծամասնություն խորհրդարանում: Սակայն ուժերի նման դասավորվածության դեպքում չի բացառվում, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիոն դաշինք կազմի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության հետո, որի հետ միասին այժմ էրդողանին առաջադրել է նախագահի պաշտոնում: Ամեն դեպքում, Էրդողանը ձգտելու է խորհրդարանում մեծամասնություն ունենալ բացառապես իր կուսակցությունով: Հենց այս նպատակով Էրդողանն ակտիվորեն քարոզարշավ է իրականացնում նաև արտերկրում: Թուրքական սփյուռքում ընտրական իրավունք ունի մոտ 3 մլն քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը:
Սակայն պետք է նկատել, որ Էրդողանի համար իր կուսակցության հաղթանակն ապահովելը բավականին բարդ է լինելու: Թեև հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը որոշակիորեն զիջել է իր դիրքերը, սակայն վերջինիս ընտրազանգվածը չի անցել իշխող կուսակցության կողմը: Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությունը, ըստ հարցումների, կստանա նաև ԺՀԿ-ից հիասթափված ընտրողների ձայները: Միևնույն ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը թեև զիջել է իր դիրքերը, սակայն կապահովի ընտրողների 10 տոկոսի աջակցությունը:
Այսպիսով, ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլն ավելի հավանական է: Վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իր կուսակցությունը կհեռանա, երբ ժողովուրդն ասի հերիք է, խոսում է անվստահության մասին, որ ԱԶԿ-ին կհաջողվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորել: Այս մասին վկայում են նաև սոցցանցերում Էրդողանի կողմնակիցների և ընդդիմախոսների «պայքարը»: Նշենք, որ Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությունից հետո թուրքական թվիթերում և աշխարհում սկսեց արագորեն տարածվել tamam (հերիք է) հեշթեգը: Ի պատասխան` Էրդողանի կողմնակցները սկսեցին արշավ devam (շարունակիր) հեշթեգով: Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, tamam հեշթեգը 86 անգամ գերազանցել է devam–ին: