Վերջին շրջանում Իսրայելում բավականին ակտիվացել են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները տարբեր մակարդակներով: Օրեր առաջ Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Իսրայելի վարչապետի որդին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Թուրքիան պատասխանատվություն է կրում հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար»: Ավելին՝ Կնեսետի օրակարգում է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը:
Բնականաբար, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ցանկացած քայլ ողջունելի է, սակայն ընդունելի չէ, երբ նման քայլեր իրականացվում են պարզապես որևէ երրորդ կողմին հաղորդագրություն ուղարկելու համար: Այլ կերպ ասած, Հայաստանի և հայության համար որևէ կերպ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շահարկումը չի կարող լինել արդարացված և ընդունելի:
Իսկ Իսրայելի կողմից նման շահարկմների առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում: Այս օրերին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները կրկին բավականին լարված են: Մայիսի 14-ին Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում կան զոհեր: Թուրքիան հետ է ուղարկել իր երկրում Իսրայելի դեսպանին և հյուպատոսին, իսկ Իսրայելը՝ Թուրքիայի դեսպանին: Նման զարգացումների ֆոնին, Թուրքիային նյարդայնացնելու և որոշ առումով նաև «սպառնալու» համար համար Իսրայելը կրկին օգտագործեց Անկարայի դեմ կիրառվող իր վաղեմի գործիքը՝ Ցեղասպանության ճանաչման հարցը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության և ողջ հայության օրակարգային հարցերից, և դրանց շահարկումն իրական մտահոգույթուններ է առաջացնում, որոնց ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, հատկապես այսօր, առավել քան հրատապ են դառնում: Այս առումով կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանություններn այդ թվում՝ փակ խողովակներով Իսրայելի հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացվեն: