Հայաստանն Իսրայելին որպես բարեկամ երկիր է ընկալում և մի շարք քայլեր է նախաձեռնել Իսրայելի հետ համագործակցության ամրապնդման համար: Այս մասին մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաղորդում է News.am-ը:
Մասնավորապես, նախորդ տարվա աշնանը Հայաստանի արտգործնախարարն այցելել էր Իսրայել: Այցի ընթացքում հարաբերությունների զարգացման մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: «Կարծում եմ, որ այս վեկտորը կշարունակվի»,- նշել է Տիգրան Բալայանը:
Միևնույն ժամանակ, Բալայանը հիշեցրել է լուրջ պատմամշակութային ժառանգության մասին: «Մենք՝ որպես այդ ժառանգության կրող պետություն, չենք կարող անտարբեր լինել Իսրայելի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, հետևաբար, այդ պետությունում առանձին դեսպան նշանակելը ևս այդ նպատակն էր հետապնդում», - ասել է Բալայանը: