Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը», առաջնային համարելով միասնականության գաղափարը, մայիսյան հաղթանակների առթիվ հանդես է եկել համահայկական ֆլեշմոբ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով մայիսի 26-ին համախմբել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին՝ քոչարու շուրջ:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ միահամուռ քոչարի պարելու ցանկություն և պատրաստակամություն է հայտնել արդեն 78 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 52 քաղաքներ 25-ից ավելի երկրներից: Ի դեպ, այս բացառիկ միջոցառմանը կարող է միանալ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, զբաղվածությունից և անգամ քաղաքական հայացքներից:
Պարզապես անհրաժեշտ է նախապես լրացնել մասնակցության հայտը www.aripariqochari.com կայք-էջում, մայիսի 26-ին մեր բնակության երկրներում պարել քոչարի, նկարահանել, այնուհետև տեսանյութը վերբեռնել youtube կամ facebook՝ վերնագրի մեջ անպայման ավելացնելով #aripariqochari հեշթեգը, որը կօգնի որոնման համակարգերին տեսանյութը դարձնել բոլորին արագ և հասանելի:
Թեև միջոցառման անցկացմանը հաշված օրեր են մնացել, սակայն «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին մասնակցել ցանկացողների թիվն օր օրի ավելանում է՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն: Սա նշանակում է, որ մայիսի 26-ին կստեղծվի էներգետիկ մի հզոր կամուրջ հայրենիքում և աշխարհի ամենահեռավոր անկյունում ապրող ամեն հայի միջև։