ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե մեր երկիրը դրական փոփոխություններ արձանագրի դրանից օգտվելու չափորոշիչների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:
Պատասխանի նախաբանում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Արժեևորելով հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը՝ Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:
Պետքարտուղարը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում արագացված ձևով ներգրավվելու մեխանիզմ չկա, սակայն ինքը պատրաստ է ուսումնասիրել հարցը, եթե, իր բնութագրմամբ, ՀՀ-ն դրական փոփոխություններ արձանագրի այս նախագծից օգտվելու չափորոշիչների հարցում, ինչն էլ հնարավորություն կտա կորպորացիայի ղեկավարությանը Հայաստանը կրկին ներառել այս նախագծում: Պոմպեոն նշել է, թե հատկապես որ չափորոշիչներն են կարևոր, որպեսզի Հայաստանը ներառվի կորպորացիայի դրամաշնորհային ծրագրում և ավելացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին, եթե հայկական կողմը հարցեր ունենա այս բարեփոխումների հարցերում: