Մի խումբ եվրախորհրդարանականներ, որոնք մայիսի 22-ին ներկա են եղել Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ կայացած լսումներին, հիասթափվել են նրա պատասխաններից՝ կարծիք հայտնելով, որ Facebook-ի ղեկավարը չի կարողացել իրենց համոզել սոցցանցի գործունեությունը փոխելու ընկերության ձգտման և հնարավորությունների հարցում,փոխանցում է РИА Новости-ն:
Եվրախորհրդարանում խորհրդարանական խմբակցութունների ղեկավարների հետ Ցուկերբերգի հանդիպման ընթացքում Facebook-ի ղեկավարը փորձել է պատգամավորներին հանգստացնել օգտատերերի անձնական տվյալների ապահովության հարցում՝ հայտարարելով, որ ընկերությունն արդեն ոչ հուսալի հավելվածների մաղման միջոցներ է ձեռնարկել, փոխել է խնդրահարույց կոնտենտի հակազդման համակարգը և ստեղծում է գաղտնիության ապահովման նոր գործիքներ:
«Նա չկարողացավ երաշխավորել, որ Cambridge Analytica-ի հերթական սկանդալը մոտ ժամանակներս չի կրկնվի, չի խոստացել ավել ոչինչ, քան արդեն նախատեսված է եվրոպական օրենսդրությամբ, և դա բավարար չէ»,- հայտարարել է Եվրախորհրդարանում «Եվրոպայի ժողովրդական կուսակցության»՝ ամենաազդեցիկ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: