ԱՄՆ Սենատը պաշտոնապես հավանություն է տվել Ջինա Հասպելի թեկնածությանը՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր տնօրենի պաշտոնում. նա կդառնա առաջին կին ղեկավարը՝ գործակալության կազմավորումից ի վեր: ԱՄՆ-ի հետախուզության հայտնի վետերանի նշանակումը բավական հակասական արձագանքներ է առաջացրել հանրության շրջանում, նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում ահաբեկչության կասկածյալների դաժան հարցաքննությունների մեջ նրա ներգրավվածության մասին:
61-ամյա Հասպելի օգտին իրենց ձայնն են տվել 51 սենատորներ, 43-ը`դեմ: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար:
Հասպելն իր պաշտոնավարման 33 տարիների ընթացքում աշխատել է վարչակազմի կենտրոնակայանում, ինչպես նաև Լոնդոնում: Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության ժամանակ նա զբաղվում էր ԱՄՆ-ի գաղտնի բանտերով, այդ թվում` 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ղեկավարում էր Թայլանդի գաղտնի բանտը:
Հենց այդ փաստը դուրս ելավ նրա դեմ, քանի որ մինչ այժմ ոչ ոք չի կարող հաստատ ասել, արդյոք Հասպելը ևս մասնակցել է տխրահռչակ հարցաքննություններին: Սակայն ԱՄՆ-ի իրավաբաններն ակնարկում են, որ խոշտանգումների հարցում Ջինան բնավ չի զիջում իր մյուս գործընկերներին: Բոլոր աուդիո ձայնագրությունները հետախուզության կողմից ոչնչացվել են ավելորդ հարցերից խուսափելու համար:
Նախքան նշանակումը Սենատի կոմիտեում հատուկ լսումներ են կայացել, որոնց ընթացքում թեկնածուներին տրվել են իրենց կարիերայի և հետագա գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրահամի կարծիքով Հասպելը «որակյալ մասնագետ» է, ով բնականաբար ստիպված է եղել օգտագործել նաև այդ ժամանակահատվածում պահանջվող մեթոդները:
Ջեմիլ Ջաֆերը, որն ամերիկյան քաղաքացիական հասարակության նախկին ղեկավարն է, իր Twitter-ում գրել է, որ «Հասպելը բառացիորեն պատերազմական հանցագործ է»:
Ջինա Հասպելի թեկնածությունը սատարվել է ներկայիս և նախկին հետախուզական համայնքի կողմից՝ նրան անվանելով «արդյունավետ ղեկավար», ով կարող է դիմակայել վարչակազմի ճնշմանը:
Նրանք վաղուց սպասում էին ուժեղ և ամուր կամք ունեցող ղեկավարի, ով կարող է նույնիսկ պայմաններ դնել Թրամփի առաջ: Ինչպես կաշխատի ԿՀՎ-ն Հասպելի պաշտոնավարման ընթացքում, ժամանակը ցույց կտա: Սակայն նա կպահպանի հետախուզության բոլոր սկզբունքները ցանկացած պայմաններում, դա քաջ հայտնի է ԱՄՆ բանակում: