ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի է համարում այն, որ որոշ քաղաքացիներ պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու իր կոչին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:
Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել իրենք իրենց դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:
«Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա կոչ է արել աջակիցներին տարածել ուղերձը և գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, «իհարկե՝ սիրո և համերաշխության մթնոլորտում»: