Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 23-ին, տեղի ունեցավ Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամներին հարց ուղղելու համար հերաթագրվել էր 8 պատգամավոր: Առաջին հարցը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը:
Բեքարյանը նախ նշեց, որ տեղեկատվություն կա, ըստ որի՝ հունիսին սպասվում է համանախագահների այց տարածաշրջան: Նա հետաքրքրվեց՝ կա արդյո՞ք հստակություն մեր դիրքորոշումներում, արդյո՞ք «շարունակականության վրա ենք, թե ինչ-որ փոփոխություն ունենք մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր և թե՛ Ադրբեջանի մասով»:
«Իսկապես մենք սպասում ենք մտնել երկխոսության մեջ, մտնել գործընթացի մեջ համանախագահների հետ: Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակել խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Դա բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով մեր կողմից: Մեզ համար էական է այդ դինամիկան պահպանելը: Մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու համանախագահների հետ՝ հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ և իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց հանդիպման մասին: Եվ գնահատելով մեր օրացույցը՝ մենք նախատեսում ենք հունիսին վերականգնել այդ գործընթացը:
Ինչ վերաբերում է դիրքորոշմանը՝ նշեմ, որ մեր դիրքորոշման շարունակականությունը նույնպես արտահայտվել է: Դրա հիմքում ես կարող եմ հաստատել, որ մեր ամենակարևոր սկզբունքը դա բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ գործընթացի ապահովումն է ՄԽ համանախագահության շրջանակներում»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ իրենք խուսափում են այնպիսի գործողություններից, որոնք բացասաբար կազդեն բանակցությունների վրա, կփչացնեն բանակցային մթնոլորտը, կհանգեցնեն էսկալացիայի:
Բեքարյանը արձագանքեց և նշեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բավական մեծ ակտիվություն է նկատվում, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի այց Նախիջևան, հավաք Նախիջևանում, ելույթներ ոչ շատ լավ հռետորաբանությամբ: Պատգամավորը նշեց նաև, որ այս օրերին արտգործնախարար Մնացականյանը այդ տարածք է այցելել պաշտպանության նախարարի հետ և հետաքրքրվեց. «Մենք այնտեղ ինչ-որ արտասովոր բա՞ն ենք նկատում պրոցեսում, թե՞ պետք է դիտարկել մշտական գործող հռետորաբանության ներքո, ինչ առկա էր բավական երկար ժամանակ»:
«Իրապես մեր այցը նպատակ ուներ կանխարգելեր և ազդակ փոխանցել, որ մենք շատ ուշադիր ենք և մեծ կարևորություն ենք տալիս բացառելու ցանկացած զարգացում, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ այս շրջանում բանակցային գործընթացի վրա: Հուսով եմ, որ մենք այս շրջանում որևէ նոր զարգացում չենք ունենա, որը կհանգեցնի էսկալացիայի»,- հավելեց Մնացականյանը: