ԱՄՆ-ն վենեսուելացի երկու դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել

10:44     24 մայիսի, 2018

ԱՄՆ-ն արտաքսում է Վենեսուելայի երկու դիվանագետների ի պատասխան Կարակասի համանման գործողությունների, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Պետդեպարտամենտին:

Կարգադրված է 48 ժամում երկիրը լքել ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի հավատարմատարին եւ Հյուսթոնում գլխավոր հյուպատոսի տեղակալին, ճշտել է Պետդեպարտամենտը: Դա կատարվում է ի պատասխան ԱՄՆ-ի գործերի հավատարմատարին եւ Կարակասում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալին արտաքսելու Վենեսուելայի իշխանությունների որոշման:

«Մեղադրանքները, որոնցով (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգը պարզաբանում է այս որոշումը, անհիմն են. մեր դիվանագետները կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները թե՛ դիվանագիտական պրակտիկայի եւ թե՛ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայի նորմաներին համապատասխան»,- հայտարարել է Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:

 


© armedia.am