2015 թվականի ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան երկարատև բանակցություններից հետո կարողացան շրջանակային համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանից քննադատում է Բարաք Օբամայի կողմից նման գործարքի գնալը: Թրամփը եվրոպացի դաշնակիցներից պահանջում է շտկել այդ համաձայնագրի, իր համոզմամբ, սարսափելի թերությունները, հակառակ դեպքում՝ սպառնալով վերականգնել պատժամիջոցները Իրանի հանդեպ: Մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից:
Գործարքի մյուս կողմերը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, հորդորում են Վաշինգտոնին հավատարիմ մնալ փաստաթղթին, որով Թեհրանը համաձայնել է սահմանափակել միջուկային փորձարկումները՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
- Պրն. Իսրայելյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի միջուկային գործարքի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
- Սա վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքական ծրագիրն էր, որը նա իր առջև դրել էր պաշտոնը ստանձնելուց հետո և կարելի է հստակ արձանագրել, որ արդեն ի կատար է ածել: Սակայն այս ամենը կապված է նաև Իրանի ներքաղաքական զարգացումների հետ, քանի որ առավել ակնհայտ է, որ Իրանի նախագահ Ռոուհանիի կառավարության ընդդիմախոսները, պահպանողական շրջանակները, ռազմական ղեկավարության զգալի մասը դեմ էր միջուկային գործարքի կնքմանը և 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմախոսների հիմնական շեշտադրումները վերաբերում էին հենց այդ համաձայնագրին: Նրանք նաև մեղադրում էին Ռոուհանիին ձախողվելու մեջ` համարելով որ ոչ մի դրական արդյունք չի տվել Իրանին: Այսինքն` կարելի է փաստել, որ ԱՄՆ հաշվի էր առել նաև Իրանի ներքաղաքական տրամադրությունները:
Եթե մինչ միջուկային համաձայնությունը ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում միջուկային ծրագրի վերաբերյալ թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմախոսները ունեին մոտ դիրքորոշում, ապա այժմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Իրանում հակադիր դիրքորոշումների բախումներ են տեղի ունենում: Այս ամենից կարելի է նախորոշել, թե Իրանում առաջիկա ընտրություններում ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել:
- ԱՄՆ-ն շարունակում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները: Ինչի՞ կարող է հանգեցնել ԱՄՆ նման կոշտ դիրքորոշումը:
-Իրանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում և Իրանի նախագահ Ռոուհանիի պաշտոնավարման 2-րդ շրջանի թերևս ամենակարևոր մարտահրավերներից մեկը տնտեսությունն այդ ծանր իրավիճակից դուրս բերելն է: Բայց հարկ է նշել նաև, որ Իրանը նաև քաղաքական ճգնաժամի մեջ է, կապված տարաբնույթ հարցերի հետ:
Միջուկային համաձայնագրից հետո Իրանին քիչ թվով երկրների հետ էր հաջողվել տնտեսական կապեր հաստատել: Նույնսիկ կարելի է ասել, Իրանը փորձում էր բանկային գործարքների և այլ միջոցներով ներդրումներ իրականցել` կարգավորելով տնտեսական հարցերը:
Եվ հետևաբար վստահ կարելի է փաստել, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը Իրանի տնտեսության համար բացասական արդյունքի կհանգեցնի:
-Միջուկային գործարքի շուրջ զարգացումները և ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությունը ի՞նչ մարտահրավերներ են պարունակում մեր տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստանի համար:
-Անկախ այն բանից, թե Իրանի իշխանությունները քարոզչական դաշտում ինչպիսի հռետորաբանություն են կիրառում, մենք հասկանում ենք, որ այն հասարակությանը հանգստացնելու նպատակ ունի: Սակայն ակնհայտ է, որ Իրանում ևս գիտակցում են, որ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել:
Անդրադառնալով տարածաշրջանին, մասնավորապես սահմանակից երկրներին պետք է արձանագրել, որ առանց այդ էլ առևտրային գործարքներն ու փոխանցումները դժվարությամբ էին իրականացվում: Իսկ եթե այդ երկրների վրա ճնշում գործադրվի Իրանի հետ գործարքներ ունենալու դեպքում, խնդիրներից խուսափելը բարդ կլինի: Պետք է փաստենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում բանկերն արգելափակել են Իրանի քաղաքացիների հաշիվները: Այս փաստի արձանագրումը որոշ պաշտոնյաներ կապում են ԱՄՆ պատժամիջոցների հետ, իսկ որոշները` փողերի լվացման կանոններին չենթարկվելու հետ: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Վրաստանը, որի հետ վերջին տարիներին Իրանը շատ ակտիվ տնտեսական համագործակցության մեջ էր, արդեն խնդիրների է բախվել:
Իսկ ինչ վերբերում է Հայաստանին, մենք էլ Իրանի հետ կապված հույսեր ու ծրագրեր ունենք: Սակայն, եթե մենք հստակ մեր օրակարգը ձևակերպենք և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումն անխափան ապահովենք, գոնե այս փուլում պատժամիջոցները մեզ «չեն սպառնում», քանի որ մենք այնպիսի ծրագրեր չենք իրականացնում, որոնք կարելի է խնդրահարույց համարել:
Հարկ է նշել նաև, որ մենք Իրանի հետ համագործակցելու նախադեպը ունենք: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազատարը կառուցել ենք Իրանի դեմ խիստ պատժամիջոցների շրջանում:
Իրանի նկատմամբ սահմանված ծանր տնտեսական պատժամիջոցների ընթացքում Հայաստանը կարողացել է համագործակցել եվրոպական ու ամերիկյան իր գործընկերների հետ` հստակ բացատրելով, որ շրջափակման մեջ լինելու հանգամանքներում Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է: Պետք է փաստել, որ Հայաստանը մշտապես հետևել է միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: