Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանին նախապատրաստվելու ընթացքում մասնակցել են «Դարձի՛ր դոնոր: Արյուն հանձնի՛ր կարիքավոր հիվանդներին» հայրենասիրական ակցիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Ակցիային մասնակցել են 500 զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, որոնք անհատույց արյուն և դրա բաղադրիչներ են հանձնել հետազոտման և պահման Գյումրիի Արյան պահոց:
Անհրաժեշտության դեպքում ստացված արյունը կօգտագործվի Հայաստանում տուժածների փրկության և հեմոֆիլիայով և ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդների բուժման համար: Միջին հաշվով յուրաքանչյուր զինծառայող հանձնել Է շուրջ 350 – 400 միլիլիտր արյուն: Ընդհանուր առմամբ հավաքվել են շուրջ 200 լիտր արյուն և դրա բաղադրիչներ:
«Մեզ համար սա ավանդական միջոցառում Է, որը միավորումում անցկացվում Է տարին երկու անգամ ուսուցման ամառային և ձմեռային շրջաններից առաջ»,- ասել Է 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի համար 3 մասնաճյուղի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Էժդեր Ռահիմովը: Անդրկովկասի ռուսական միավորումում «Դոնորի օրերը» տեղի են ունենում 2011 թվականից և ավանդական բնույթ են ստացել: Ներկայիս ակցիան դարձել Է թվով արդեն տասներկուերորդը: Ընդհանուր առմամբ յոթ տարում ակցիային մասնակցել Է ավելի քան 3 հազար մարդ, որոնք տվել են շուրջ մեկուկես տոննա դոնորական արյուն: