Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին

15:44     24 մայիսի, 2018

«Բարեխիղճ քաղաքացիները, որոնք վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով տուգանքների համաներման մասին որոշումից հետո եղած  դժգոհություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում, հայտնում է Panorama.am-ը։

«Ենթադրվում է, որ կան լուծումներ: Այո  բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, քանի որ մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել: Այստեղ հարցի կարևոր առանցքը քաղաքական շեշտադրման մեջ է, այսինքն՝ քաղաքացին իրեն չպետք է զգա որպես տուգանվելու օբյեկտ, որի հետևից պետությունը ընկած ուզում է մի տեղ  բռնի ու տուգանի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով պետք է կայացվի հավասարակշիռ որոշում։


© armedia.am