Սինգապուրի հայ համայնքը հայկական թանգարան է բացել, որն առաջինն է ոչ միայն երկրում, այլ նաև Ասիայի տարածքում, հաղորդում է PanArmenian-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին:
Սինգապուրի սակավաթիվ հայ համայնքը 1,2 մլն դոլար է ծախսել հայկական թանգարանի բացման համար, որը նպաստում է Սինգապուրի կյանքում համայնքի գործունեության մասին իրազեկվածության բարձրացմանը, որը Սինգապուրի ամենահին համայնքներից է:
Հայկական թանգարանը պաշտոնապես բացվել է մայիսի 24-ին: Բացմանը մասնակցել են Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին և եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը ՀԱԵ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմից:
Համայնքը նաև կշարունակի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Ըստ եկեղեցու հոգաբարձու Պիեռ Հեննեսի, հայերը ցանկանում են պատմել Սինգապուրի բնակիչներին, թե ով են իրենք: Հեննեսը նշել է, որ Սինգապուրում միաժամանակ երբեք 100 հայից ավելի չի ապրել, սակայն, դա չի խանգարել նրանց ծանրակշիռ ավանդ ունենալ երկրի զարգացման մեջ: