Հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ ինքը հայ չէ, այլ մարդ–international։ Այդ մասին Կիրկորովը պատմել է GAZLIVE հաղորդման ընթացքում ռեփեր Բաստային տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մի՞թե երաժշտության մեջ կարևոր է, թե ով ես դու ազգությամբ։ Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ, դա ակնհայտ փաստ է», - ասել է Կիրկորովը։
Միգուցե բանն այն է, որ հայերն ուղղակի չեն ուզում իրեն հայ համարել, հետաքրքրվել է Բաստան։
«Բոլորն ուզում են, որ ես իրենց ազգությանը պատկանեմ։ Վերջին ազգությունը, որն ինձ վերագրում են, մոլդովացին է, և ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բոլորը գիտեն, որ կապ ունեմ «Եվրատեսիլի» հետ։ Ես երգ եմ գրել մոլդովական DoReDoS խմբի արտիստների համար», - ասել է երգիչը։
Ռուսական էստրադայի արքան հավելել է, որ հիմա նա մոլդովացի է, մի ժամանակ եղել է բելառուս, ուկրաինացի` հանդես գալով ռուսական դրոշի տակ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։
Կիրկորովը հավելել է, որ նա international է, և ազգությունը նրա համար ոչ մի կապ չունի։