Հայաստանի առաջին հանրապետության 100 հոբելյանին նվիրված միջազգային ֆլեշմոբի շրջանակներում այսօր Պրահայի հայ երիտասարդները հաղթական Քոչարի պարեցին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական «Ստարոմեստկե նամեմստի» հրապարակում։ Այս մասին հաղորդում է «Օրեր»-ը:
Նույնիսկ մի պահ ընդհատված երաժշտությունը չխանգարեց, ու սովորաբար միշտ մարդաշատ Հին հրապարակի անցորդներն ու զբոսաշրջիկները համբերատար սպասում էին պարի շարունակվելուն։
Որոշ ժամանակ երիտարսարդները պարում էին միայն ծափերի ու սեփական խրոխտ բացականչությունների ուղեկցությամբ։ Պարն ավարտված էր, սակայն ներկաները չէին շտապում հեռանել, ուստի հրապարակում նորից ու նորից էին ծայր առնում զուռնայի ու թմբուկի զիլ ձայնն ու երիտասարդների պարը, սակայն այս անգամ արդեն շրջան էին մտնում նաև չեխերն ու քաղաքի հյուրերը։