Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել։ Պատճառն այն է, որ վերջինս ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին ասված է Վրաստանի ԱԳՆ մայիսի 29-ին տարածված հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի Դաշնության կողմից արված մեքենայությունների արդյունքում սիրիական ռեժիմը մայիսի 29-ին միջազգային նորմերն ու սկզբունքները խախտող որոշում է ընդունել՝ ճանաչելով վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը: Այդ գործողությամբ Ասադի ռեժիմը պաշտպանեց Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական ագրեսիան»,-ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է նաև, որ միջազգային հանրությունը լիարժեք պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հակազդել Սիրիայի գործողություններին:
Ավելի վաղ Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել են Սիրիայի հետ փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։