Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել: Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում:
Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ: