Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 6-7-ին Հայաստանում կգտնվեն 10 բրիտանական գործարար ընկերություններ, որոնք կուսումնասիրեն վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները, հայտնում է «Արմենպրես»-ը:
Երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՄԹ-Հայաստան գործարար համաժողով և անհատական հանդիպումներ բրիտանացի և հայ ձեռնարկատերերի միջև։
Բիզնես պատվիրակության այցից առաջ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարն ասել է. «Անչափ ուրախ եմ, որ ղեկավարում եմ բիզնես պատվիրակության այս այցը Հայաստան։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնես ոլորտի առաջատար բազմապիսի ընկերությունների հետ գործարար հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով երկու կողմերի փորձառությունը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի մասնագետներին համախմբելը իրապես խոստումնալից նախաձեռնություն է: Ես անհամբերությամբ սպասում եմ մասնակցելու միջոցառմանը»։