Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նշանակալի հնարավորություններ է ստեղծում հայ-շվեդական փոխգործակցությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելու առումով։
Մաղթում եմ Ձեզ և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»։