Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պետնախարար, Արցախի ԱԺ-ում ամենամեծ կուսակցության՝ «Ազատ հայրենիք»-ի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին, փոխանցում է News.am-ը:
Նա ընդգծեց, որ իր և մյուս պաշտոնյաների հրաժարականներն Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում են, և որ ինքն ընդդիմադիր չի դառնալու, մնալու է իշխանական ուժի ղեկավար:
Հարցին, թե Ձեր հրաժարականի հետ որևէ առնչություն ունեցե՞լ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ բարեփոխումների քննարկումները տեղի են ունեցել միայն Բակո Սահակյանի և Արցախի այլ պաշտոնյաների միջև. «Դրսից ոչ մի ազդեցություն, միջամտություն չի եղել»։
Ճշտող հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի ազդել ձեր որոշման վրա, Արայիկ Հարությունյանն արձագանքել է. «Իհարկե՝ ոչ»։