Ամռանը շատերն են սկսում լրջորեն մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Նիհարելու մեծ ցանկություն, անվերջանալի դիետաներ… Գեղեցիկ կառուցվածք ունենալու համար շատերը գրեթե ոչինչ չեն խնայում:
Թեմայի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց բժիշկ-դիետոլեգ Լիդիա Այվազյանի հետ:
— Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ամռանը փոխել սննդակարգը: Ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ սննդակարգ եք Դուք առաջարկում տարվա այս տաք եղանակի համար: Ի՞նչ ներառել ավելի շատ ու հատկապես ինչի՞ց հրաժարվել:
— Երևանի շոգ ամառը տանելի դարձնելու համար միանշանակ խորհուրդ եմ տալիս փոփոխել սննդակարգը։ Օրվա ռացիոնի մեջ պետք է ավելացնել շատ հեղուկներ, ինչպես ջրի, ապուրների տեսքով այնպես էլ` մրգի, բանջարեղենի։
Շոգ եղանակներին պետք է հրաժարվել ճարպոտ սննդից, օրինակ ընտրել քիչ ճարպոտ մսամթերք, աղցաններին չավելացնել թթվասեր, մայոնեզ, ինչպես նաև ձեթը և կարագը օգտագործել չափավոր։
— Հատկապես ամռանը բոլորը ցանկանում են ավելի բարեկազմ լինել, առավելապես նրանք, ովքեր նախընտրում են ծովափնյա հանգիստը: Ինչպե՞ս կարելի է կարճ ժամկետում հնարավորինս անվնաս դառնալ ավելի բարեկազմ:
— Կարճ ժամանակում հնարավոր չէ անվնաս նվազեցնել քաշ:
Եթե ցանկանում եք հիրավի անվնաս նիհարել, ապա պետք է սկսել մի քանի ամիս առաջ, քանզի անվնաս է համարվում 1 ամսվա ընթացում քաշի 5 -7%-ի կորուստը, այսինքն` 60-70 կգ քաշի դեպքում ամսական 3- 4կգ:
— Քաշի ավելացման հիմնական պատճառները որո՞նք են ու ի՞նչ խորհուրդ կտաք նման խնդիր ունեցող մեր ընթերցողներին:
— Քաշի ավելացման հիմնական պատճառները վերջին տասնամյակներում ավելացել են: Դրանք փոքր չափաբաժնում շատ բարձր կալորիականությամբ մթերքներն են: Ստացվում է՝ մենք կարող ենք մեկ սննդընդունման ժամանակ ուտել ավելի, քան օրվա կկալերի պահանջն է։
Դրա հետ մեկտեղ տեղաշարժման ավտոմատ մեթոդների ավելացման պատճառով պակասել է շարժողականությունը։
Այսպիսով ունեք բարձր կալորիական սնունդ և քիչ շարժողականություն։ Ինչպես նաև շատ զբաղված ենք, և բնականաբար առողջ, ճիշտ սնվելու ժամանակ չունենք:
Այնպես, որ խորհուրդս է մեր ընթերցողին. սնվե’ք առողջ կլոր տարի, այլ ոչ միայն հանգստից և ծովից առաջ: