ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել իր ընկերոջ` ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որոշումը` երաշխավորել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի համար։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրվողներին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Հիշեցնենք, որ Փաշինյանի համախոհ Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավոր երաշխավորել են քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ալիկ Բանդուրյանի համար։ Նա մեղադրվում է «Լիա» գեղեցկության սրահում երկու մարդու սպանության աղմկահարույց գործի շրջանակներում։
Պատգամավորների որոշումը բացասական արձագանքի է արժանացել հանրության շրջանում։
Փաշինյանի խոսքով` Սասուն Միքայելյանը երաշխավորությամբ է հանդես եկել առանց իր հետ համաձայնեցնելու։
«Դա ինձ հետ չի համաձայնեցվել։ Եվ ես շատ վատ եմ դրան վերաբերվում», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Միքայելյանը սխալ քայլ է արել։
«Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ իմ ընկեր Սասուն Միքայելյանին», – ավելացրեց Փաշինյանը։