Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և համատեղ մամլո ասուլիսից հետո հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին։
Հարցազրույցում արտաքին գերատեսչության ղեկավարը կատարել է մի շարք կարևոր շեշտադրումներ՝ ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքական կուրսի կայունությունը, Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած բարձր մակարդակի երկխոսությունն ու փոխըմբռնումը, Հայաստանին ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։
«Մենք շատ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կայունությունը և հետևողականությունը մնում է անփոփոխ, այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ ընդգծված տեղ», - նշել է արտգործնախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների, այլև երկու երկրների նախագահների և վարչապետերի մակարդակով է:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման գործում ԵԱՏՄ դերին և ընձեռած հնարավորություններին՝ արտգործնախարարը նշել է, որ կառույցը շատ լավ ձևաչափ է «գործընկերների փոխգործակցության համար, այն մեզ դուրս է բերում մեծ շուկաներ, տալիս է գործընկեր երկրներում ազատ աշխատելու, բազմաթիվ ոլորտներում համագործակցելու հնարավորություն»։
«Կոմերսանտի» լրագրողին հետաքրքրել է՝ ինչպես կվարվի Հայաստանը, եթե Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է. «Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը, միակողմանի քայլեր ձեռնարկում Հայաստանի դեմ։ Բաքուն վարում է քաղաքականություն, որի նպատակն է բացառել գործընկերությունը և վստահության մթնոլորտի ստեղծումը, կանխել մարդկային շփումը։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն գնով խթանում է թշնամանքը, իսկ Եվրասիական տնտեսական միությունը գործակցակցության համար ստեղծված կազմակերպություն է։ Դուք մեզնից ի՞նչ եք սպասում»։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումներին և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ զարգացումների վերաբերյալ ընկալումներին։ Արտգործնախարար Մնացականյանը վստահեցրել է, որ այդ իրադարձությունները խորապես ներքաղաքական հարցեր են և չունեն աշխարհաքաղաքական որևէ երանգ, և եթե փորձագիտական որոշ շրջանակների համար այս պահին գրավիչ է այլ իրավիճակների հետ զուգահեռներ անցկացնելն, ապա ժամանակի ընթացքում փորձագետները կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ:
Միևնույն ժամանակ հարց է հնչել, թե արդյոք Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը չպետք է անհանգստացնի Մոսկվային։ ՀՀ արտգործնախարարը հավաստիացրել է, որ հարաբերությունների զարգացումը վերոնշյալ թևի հետ տեղի չի ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։
Այսպիսով, Զոհրաբ Մնացականյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել այցը Մոսկվա, ինչպես նաև բանակցություններն իր ռուս գործընկերոջ հետ համարել է արդյունավետ։