Բելառուսն Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փետրվարին «Комсомольская правда Беларусь»-ը գրել էր, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:
«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր Բելառուսի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:
Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու էր ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին: