«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահ է, որ եթե դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա որևէ մեկը հաղթելու շանս չունի։
News.am-ի հարցին, եթե «Լուսավոր Հայաստան»-ը միայնակ մասնակցի ընտրություններին, ապա խորհրդարան մտնելու շանս ունի՞` Գորգիսյանը պատասխանել է. «Ես հիմա շատ մեծ ռիսկ եմ տեսնում «Ելք»-ի տարանջատման մեջ, որովհետև հասարակությունը «Ելք»-ին միասնական միավոր է դիտարկում, ինչն ապացուցում են տարբեր հարցումները։ «Ելք»-ի որևէ կազմալուծումը դաշինիք որևէ մասնակցի ձեռնտու չէ այս պահի դրությամբ։ Սա մենք ընդունում ենք ի գիտություն»:
Նրա խոսքով` «Լուսավոր»-ն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը շատ լուրջ դերակատարում է ունեցել հեղափոխության փուլում. «Հիմա բանակցություններն ընթանում են, որ «Ելք»-ը չփլուզվի, և համատեղ մասնակցենք ընտրություններին»,- հավելել է նա: