Շավարշ Քոչարյան. Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելը

15:34     12 հունիսի, 2018

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհրաժեշտություն է համարում Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելը այն հարցերի շուրջ, որոնք Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության տիրույթում են:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ եթե Ադրբեջանը ցանկանում է իրականում ունենալ առաջընթաց բանակցային գործընթացում, նա ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա: "Քանի դեռ Բաքուն չի ընդունում Արցախի մասնակցությունը, դա լակմուսի թղթի պես ցույց է տալիս, որ ինքը առաջընթացին դեմ է: Դրա համար երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի ներգրավում, դա շատ կարևոր է, բայց նաև հասկանանք երկրորդը՝ այսօր կա՞ հնարավորություն առաջընթացի: Այսօր չկա այդ հնարավորությունը հենց Բաքվի քաղաքականության պատճառով",- նշեց Քոչարյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ հայկական երկու պետություններում այսօր տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող չամրապնդել մեր դիրքերը միջազգային ասպարեզում:


© armedia.am