«2015 թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում կատարված ահաբեկչությունն իրականացվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից, որոնց այս հանձնարարությունը տվել է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը»: Սույն սկանդալային պնդումը տեղ է գտել Եվրամիության Հետախուզական և իրավիճակային կենտրոնի (EUINTCEN) կողմից պատրաստված զեկույցում: Եվրամիության Հետախուզական և իրավիճակային կենտրոնը սույն զեկույցն ուղարկել է «խիստ գաղտնի» նշումով, 103 զոհի տեղիք տված այս ահաբեկչությունից մի քանի օր անց: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Ahval գործակալությունը, որը կարողացել է հասու դառնալ այդ զեկույցին:
Աղբյուրի համաձայն` «Անկարայի ռմբակոծումը» վերնագիրը կրող 3 էջանոց սույն զեկույցը բաղկացած է 3 բաժիններից: «Նախնական ամփոփում» և «Հետին պլան» վերնագրերի ներքո մանրամասներ են ներկայացնում, թե այս արյունոտ ահաբեկչությունն ինչպիսի քաղաքական մթնոլորտում և ինչ պայմաններում է կատարվել:
Զեկույցի ամենաէական բաժնում «շարունակականության» կապ է նկատվում 2015 թ. հուլիսի 20-ին Ուրֆայի Սուրուչ գավառում կատարված ահաբեկչության և նույն տարվա հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Անկարայի ահաբեկչության միջև:
Հիշեցնենք, որ Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը ելույթ էր ունեցել Սուրուչ գավառում, երբ գործի էր դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել էր անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել էր 33 մարդ, վիրավորվել` 109-ը: Ահաբեկչության պատասխանատու էր հայտարարվել «Իսլամական պետությունը»: