Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում այսօր՝ հուլիսի 12-ին, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող TANAP գազատարի բացումը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ TANAP-ի հանդիսավոր բացմանը Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք պատմական քայլ են անում՝ բացելով եվրոպայի ամենամեծ գազատարը, փոխանցում է News.am-ը:
Թեև TANAP–ը Թուրքիայի տարածքում ամբողջովին ավարտին հասցված չէ, սակայն Էրդողանը շտապեցրել է իրականացնել բացումը՝ նախընտրական քարոզչության հզոր գործիք այն դարձնելու համար։
TANAP–ի կարևորությունը Թուրքիայի համար բավականին մեծ է՝ դրանով նվազեցվում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը, ինչպես նաև որոշակի չափով այդ էներգետիկ միջանցքի միջոցով կախվածության մեջ է դնում հենց եվրոպական երկրներին։
TANAP–ը ՌԴ–ի համար անցանկալի նախագիծ է, քանի որ դրանով Եվրոպան կարողանում է ռուսական գազին այլընտրանք ստանալ և նվազում է ՌԴ–ից էներգետիկ կախվածությունը։
Հայաստանի համար այն բացասական նշանակություն ունի, քանի որ հերթական խոշորագույն նախագիծը շրջանցեց Հայաստանը։ Իսկ TANAP-ի տարանցիկ երկրները, այդ թվում հիմնական կողմ Ադրբեջանը, այն կարող են քաղաքական շանտաժի նպատակներով օգտագործել Եվրոպայի դեմ ի վնաս Հայաստանի։