Նախօրեին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին այցը Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Այցի արդյունքներով տարածած հայտարարությամբ համանախագահները ևս փաստեցին, որ այցը ճանաչողական բնույթ էր կրում և նպատակ էր հետապնդում անմիջական շփման միջոցով ծանոթանալ նոր իշխանությունների դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ։
Չնայած նոր իշխանությունների հայտարարություններին՝ այս հարցում վարած քաղաքականության և Հայաստանի դիրքորոշման շարունակականության վերաբերյալ՝ առկա են որոշակի նոր շեշտադրումներ։ Եվ համանախագահներն այս պարագայում խնդիր ունեն հասկանալու, թե որքանով են դրանք տեղավորվում առկա բանակցային տրամաբանության մեջ և ինչ զարգացումների կարող են հանգեցնել։
Համանախագահների հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այցի ընթացքում սահմանվել է երեք խնդիր՝
- հստակեցնել բանակցային գործընթացի «կարգավիճակը»․ դրա ներքո կարելի է հասկանալ ինչպես ներկա փուլի վերաբերյալ կողմերի ընկալումների հստակեցումը, այնպես էլ ձևաչափի քննարկումը,
- ապահովել բանակցային գործընթացի շարունակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու միջոցով,
- ամրագրել, որ բանակցային գործընթացը շարունակելու է կառուցվել Հելսինկյան երեք սկզբունքների վրա (այս համատեքստում՝ հատկանշական է այդ սկզբունքների մեջբերումը հայտարարության մեջ)։
Միաժամանակ, ելնելով հայտարարությունից՝ տեսանելի է միջնորդների հակվածությունը բանակցային գործընթացն առաջ մղել զուգահեռ երկու ուղղություններով՝ վստահության միջոցներ, հրադադարի պահպանում և քաղաքական կարգավորում։
Ւնչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանց կողմից կարևորվել է խաղաղ կարգավորումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը (այդ թվում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը), ինչն, իսկապես, համահունչ է արտաքին կուրսի շարունակականության ոգուն։ Միաժամանակ, ուշագրավ է, որ վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ չի հիշատակվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, դրա փոխարեն նշվում է, որ «վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»։