Անկասկած, եթե որևէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել. անթույլատրելի և զազրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին։
«Եթե դա համապատասխանում է իրականությանը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացմունքները, որոնք հայ ժողովուրդը և յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ, ԱԺ փոխնախագահը պատասխանել է. «Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, որ հնարավորություն տրվի, որ բազմակողմանի և լրիվ նախաքննություն իրականացվի, բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ:
Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից՝ այս պահին որտեղ են»: