Գերմանական Germania Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է գործարկել Երևան-Բեռլին-Երևան ուղղությամբ: Ավիաընկերության սպիտակ-կանաչ օդանավերը շաբաթական մեկ անգամ ուղիղ չվերթներ կկատարեն Գերմանիա: Հայաստանում ըկերության պաշտոնական ներկայացուցիչն է Sidon Travel-ը, հայտնում է news.am-ը:
«Երևանի և Բեռլինի միջև ուղիղ ավիաչվերթը Germania Airlines ընկերության և Հայաստանի միջև երկամյա բանակցությունների արդյունքն է: Սա տեղի ունեցավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Գերմանիայում Հայաստանի դեսպանատան ու Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, «Բիզնես Հայաստան» հիմնադրամի և միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի ջանքերով»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Sidon Travel-ի սեփականատեր, Հայաստանում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոս Սեմ Սամուելյանը:
Երևան-Բեռլին ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմում է մոտ 169 եվրո դրամական համարժեքով, իսկ նաև հետադարձ ուղղությամբ՝ 338 եվրո: