Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց դեպքի մասին` նշելով, որ տեղի ունեցածի վերջնական գնահատականը պետք է տա միմիայն դատարանը։
Որևէ մեկին Արցախի հերոսի կոչումից զրկելու նախադեպ դեռ չի եղել, իսկ Մանվել Գրիգորյանին այդ կոչումից զրկելու թեման դեռ վաղաժամ է քննարկել, կարծում է Դավիթ Բաբայանը։
«Որպեսզի դա տեղի ունենա, ամեն ինչ պետք է արդեն ապացուցված լինի, իսկ դա ցույց կտա դատավարությունը»,- ասել է նա։
Բաբայանը նշել է, որ Գրիգորյանի հետ կապված դեպքերն, անշուշտ, շատ վատ տպավորություն թողեցին մարդկանց վրա, հասարակությունը տարակուսեց, բայց դա չի նշանակում, որ պետք է առաջնորդվել զգացմունքներով։
«Նողկալի բաներ են տեղի են ունեցել, բայց նորմալ, քաղաքակիրթ երկրում դրա վերջնական գնահատականը պետք է տա միմիայն դատարանն ու ազատ, թափանցիկ դատավարությունը, որպեսզի ժողովուրդն էլ իմանա, թե ինչպես է այդ ամենը եղել, դրան արդարացում կա՞, թե՞ ոչ»,- ընդգծել է նա։
Բաբայանի խոսքով` երբ ամբողջ պատկերը պարզ լինի, նոր կարելի է անդրադառնալ Արցախի հերոսի կոչումից զրկելու հարցին։
Քանի որ դա չկա, նրա կարծիքով, ցանկացած նման երևույթ շահարկում կլինի և ինչ-որ տեղ ուղղորդիչ կհանդիսանա դատավարության ժամանակ, ինչն անթույլատրելի է։