Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչի խցիկում արված լուսանկար, որից հետո ռազմական փորձագետները հայտարարեցին, որ այդկերպ վարչապետը հայտարարել է 4-րդ սերնդի ռուսական բազմաթիրախ կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, խոսելով Երևանին ՍՈւ-30ՍՄ մատակարարելու մասին՝ ռուսական ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները ընթանում են դեռ 2012 թվականից:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ ՍՈւ-30ՍՄ-ները չեն կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ են ֆինանսական ծախսեր: Երբ դա դառնա հնարավոր, կարծում եմ, որևէ հարց չի առաջանա: դրանք կմատակարարվեն՝ ընդ որում՝ ամենավերջին մոդիֆիկացիաները», - ասել է ռազմական փորձագետը:
Նրա կարծիքով՝ ՍՈւ-30ՍՄ կործանիչների մատակարարումը Հայաստանին կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականը: