Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է փախստականների համար սահմանային վերահսկողությունը խստացնելու մտադրությունը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով «Suddeutsche Zeitung»-ին Ներքին գործերի նախարարը նշել է, որ դա կանեն նույնիսկ այն դեպքում, եթե կանցլեր Անգելա Մերկելն այս հարցի շուրջ չկարողանա համաձայնության գալ ԵՄ-ի գործընկերների հետ:
«Եթե ԵՄ գագաթաժողովում չգտնվի արդյունավետ որոշում, ապա մենք դուրս ենք հանելու այն փախստականներին, որոնք գրանցված են Եվրամիության այլ երկրներում»,-ասել է նա:
Գերմանիայի կառավարությունում անօրինական միգրացիայի խնդիրը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների: Հորսթ Զեեհոֆերը ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է լինի երկրի ոստիկանության կողմից ստորագրված միակողմանի կարգով հրամանագիր, որը թույլ կտա սկսել մերժել կացության իրավունքի տրամադրումը Գերմանիայի տարածքում: Գերմանիայի կանցլերին տրվել է ժամանակ խնդրին լուծում գտնելու համար:
Կանցլերն էլ իր հերթին Զեեհոֆերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ իրավասությունների տարանջատման մասին, որը ենթադրում է նաև հնարավորություն իր կողմից ցանկացած նախարարին հեռացնել: