ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը»,- գրել է Բիչախչյանը` նշելով, որ այս ամենից խուսափելու համար մշակվում է ծրագրային լուծում:
«Մշակվում է ծրագրային լուծում` համաձայն որի տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով,
-տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում,
-լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին),
-արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով»,- հավելել է վարչության պետը: