Նովոսիբիրսկից Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնող ինքնաթիռը, որի սրահում մոտ 200 մարդ է եղել, շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի արևմտյան Աթիրաու քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ կիրակի օրը Նովոսիբիրսկ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռից շարժիչի խափանման հաղորդագրություն է ստացվել։
«Անձնակազմը որոշում է կայացրել վթարային վայրէջք կատարել Աթիրաու քաղաքի օդանավակայանում»,-հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ ինքնաթիռը, որում 190 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։