Չնայած կանխատեսումներին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթողն որոշվեց առաջին փուլում. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց ստանալ ընտրողների քվեների 52.55 տոկոսը: Բացի այս, հունիսի 24-ին Թուրքիայում կայացել էին նաև խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքում հաղթել է «ժողովուրդների ալյանս»-ը, որի մեջ մտնում է նաև Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Նշենք, որ հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններով Թուրքիան ամբողջությամբ անցում կատարեց նոր սահմանադրության, որը նախաձեռնել էր Էրդողանը: Թուրքիայում ամբողջ իշխանությունն այլևս օրինական կերպով կենտրոնացած է նախագահի ձեռքերում: Այսպես, Թուրքիայում լուծարվում է վարչապետի պաշտոնը, և կառավարության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է նախագահը՝ խորհրդարանի նվազագույն ազդեցությամբ: Էրդողանն ազդեցություն է ունենալու նաև դատական համակարգի, զինվորականների նկատմամբ:
Ընդ որում, երկրում բավականին լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին կայացած ընտրությունների արդյունքով էրդողանը լիազորությունների նման փունջ ստացել է ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակի պայմաններում և, ինչպես նշում են միջազգային դիտորդները, առանց լուրջ ընտրախախտումների:
Ի՞նչ է սա նշանակում, և ի"նչ ակնկալել Թուրքիայից առաջին հերթին արտաքին քաղաքականության առումով: Ընտրությունների նման արդյունքը խոսում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիները մեծամասամբ հավանություն են տալիս Էրդողանի վարած քաղաքական կուրսին: Փաստորեն, չարժե ակնկալել, որ Էրդողանի արտաքին քաղաքական կուրսը էական փոփոխություններ կկրի: Ըստ էության, Էրդողանը շարունակելու է քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում ընդհանրապես, առաջատարի դերը ստանձնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ այս ընտրություններն Էրդողանին «լիազորեցին» ավելի համարձակ գործել ԵՄ հետ հարաբերություններում: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովրդավարական արժեքները, որոնք Եվրոպան փորձում է պարտադրել Թուրքիային, այդքան էլ ակտուալ չի թուրք հասարակության համար, ակտուալ չէ նաև ԵՄ անդամակցությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ հետ հարաբերություններին, ապա այստեղ կողմերի մոտ վերջին շրջանում համագործակցելու ցանկություն է նկատվում, և այս միտումը դեռևս կպահպանվի: Այս մասին խոսում է ինչպես սիրիական Մանբիջում թուրք-ամերիկյան համատեղ գործողությունն, այնպես էլ Պենտագոնի կողմից F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային՝ չնայած այս հարցում Կոնգրեսում առկա ընդդիմությանը: Միջազգային ասպարեզում Թուրքիայի հիմնական գործընկերն առաջիկա ամիսներին կշարունակի մնալ Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա նշենք, որ ընտրություններում իրենց քվեով Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը հավանություն է տվել առաջին հերթին էրդողանի վարած ներքին քաղաքականությանը` այդ թվում նաև երկրում խոսքի իրավունքի և այլ ազատությունների ոտնահարումներին, գյուլենականների հանդեպ և ոչ միայն իրականացվող բռնաճնշումներին, երկրում իսլամիստների դիրքերի ամրապնդմանը, քրդերի դեմ ռազմական գործողություններին, ընդ որում ոչ միայն երկրի տարածքում, այլ նաև հարևան Սիրիայում և Իրաքում, և այլն:
Քաղաքացիների նման աջակցության և օրինական լիազորությունների պայմաններում ակնհայտորեն էրդողանն ավելի վճռական է գործելու ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային ասպարեզում, քանի որ նրա լեգիտիմությունն այլևս հնարավ չի լինի կասկածի տակ դնել: