Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ներքին գործերի նախարարությանը և Աշխատանքի նախարարությանը հանձնարարել է պարզեցնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության և կացության թույլտվությունների տրամադրման կարգը: Խոսքը վերաբերում է ռուսերենին տիրապետող և Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացողներին, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
Պետության ղեկավարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում փոփոխել օրենսդրությունը: Հանձնարարականը պետք է կատարվի մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը:
Համապատասխան հանձնարարականը տրվել է նախագահի հետ «ուղիղ գծի» արդյունքներով և հրապարակվել է Կրեմլի կայքում հունիսի 26-ին:
Հունիսի 19-ին ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը հայտարարել է, որ իր գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին` սա վերաբերում է Ուկրաինայի տարածքից ժամանած փախստականներին: