Ավարտվել է Քոբուլեթի շրջանցիկ ճանապարհի երկրորդ հատվածի շինարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան` հղում կատարելով երկրի ենթակառուցվածքի և տարածաշրջանային զարգացման նախարարությանը։
Նախագիծն իրագործվել է ամառային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, նշվում է հաղորդագրության մեջ։ Ճանապարհի 18-կիլոմետրանոց հատվածում, որն արդեն շահագործման է հանձնվել, ընդամենը 2 թունել և 15 կամուրջ կա։ Դրանց շարքում է նաև Վրաստանի ամենաերկար կամուրջը (1,18 կմ), որը կառուցել են Սաչինո գյուղի մոտ։
«Այդ ճանապարհը թույլ կտա ավելացնել տարանցիկ հոսքը և առնվազն 30 րոպեով կրճատել Թբիլիսիից Բաթումի տանող ճանապարհը», - ճանապարհի բացման արարողության ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր ճանապարհը կկրճատի ճանապարհածախսը և կքչացնի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը։
Կարևոր է, որ Աջարիան զբոսաշրջային սեզոնը դիմավորում է ավելի զարգացած ենթակառուցվածքով և այն պատրաստ է ավելի շատ հյուրեր ընդունել, ընդգծել է Բախտաձեն։
«Այս ճանապարհի օգնությամբ շատ գյուղեր կարող են կապվել կենտրոնական մայրուղիների հետ։ Դա զարգացման լրացուցիչ նախադրյալ է։ Ծովափնյա գոտուց բացի կարևոր է յուրացնել Աջարիայի զբոսաշրջային պոտենցիալը հատկապես բարձր լեռնային շրջանում», - նշել է վարչապետը։