Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։ Տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Կարծում եմ, որ նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։
Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ֊գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։
Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը»,- գրել է Աշոտյանը: