ԱՄՆ նախագահը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից

12:11     29 հունիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հետ քննարկել է ԱՄՆ դուրս գալը Սիրիայից։ Այս մասին, դիվանագիտական աղբյուրներին հղումով, հայտնում է CNN-ը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահն այս հարցը պատրաստվում է քննարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ աղբյուրի, Թրամփը հույս է հայտնել, որ կարող է ՌԴ նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերել այսպես կոչված «չեզոք գոտիների» շուրջ Սիրիայի հարավ-արևմուտքում, որոնք թույլ կտան ԱՄՆ-ին որքան հնարավոր է շուտ լքել Սիրիան։

Թրամփը դեռևս մարտին հայտարարել էր, որ պատրաստվում է շուտով դուրս բերել ամերիյան ուժերը Սիրիայից։

Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պլանավորված է հուլիսի 16-ին Հելսինկիում։

 


© armedia.am