Հուլիսի 3-ին Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը: Բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Նորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանակի փոխհրամանատարը շնորհավորել է զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, այնուհետև համոզմունք հայտնել, որ նորակոչիկների ներկայիս սերունդը առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կկատարի հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը: