Պաշտոնական Երևանը դեռևս վերջնական որոշում չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցության հարցում: Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Հայաստանը ՆԱՏՕ գագաթաժողովներին մշտապես մասնակցել է որոշակի վերապահումներով: Այսպես, նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ` 2010 և 2012 թվականներին, մերժել է դաշինքի հրավերը, քանի որ այդ գագաթաժողովների արդյունքներով ընդունվող փաստաթղթերի նախապես ուղարկվող նախագծերում եղել են Հայաստանի շահերին հակասող ձևակեպումներ: Մասնավորապես, դրանցում տեղ են գտել Հարավային Կովկասում և Մոլդովայում առկա հակամարտությունների վերաբերյալ ընդհանրական ձևակերպումներ և ընդգծվում է ԵԱՀԿ` միայն տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքը:
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտ հստակության բացակայությունը պայմանավորված է այս հանգամանքով: Երևանը դեռևս որևէ երաշխիք չունի, որ գագաթաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում տեղ չեն գտնելու Հայաստանի շահերին հակասող ձևակերպումներ:
Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ռուսական գործոնի մասին: Մոսկվան միշտ էլ որոշակի զգուշավորությամբ է վերաբերել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, և մասնավորապես ՀՀ առաջին դեմքի մասնակցությանը դաշինքի գագաթաժողովներին: Իսկ փոփոխված իրողությունների պայմաններում Մոսկվան սկսել էլ որոշակի զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ` դատելով ռուսական փորձագիտական շրջանակների գնահատականներից, Հայաստանին ուղղված մեսիջներից, որի ամենաթարմ օրինակն է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Չոջուխ Մարջանլի գյուղում հուլիսի 1-ին կայացած «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում» խորագրով ֆորումին Պետդումայի պատգամավորի, ռուս հասարակական գործիչների, հայտնի փորձագետների մասնակցությունը և գրավված Լելե Թեփե բարձունքում ադրբեջանական դիրքեր այցելությունը:
Նման պայմաններում թերևս լավագույն որոշումը կլինի հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցի շրջանակներում բավարարվել միայն ԵՄ ղեկավարության հետ հանդիպումներով: Չնայած Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են արտաքին քաղաքականության կուրսի անփոփոխ մնալու մասին, սակայն մինչ այժմ վարչապետը պաշտոնական հանդիպումներ չի ունեցել ԵՄ ղեկավարության հետ, ավելին` մեկ անգամ մերժել է Բրյուսել այցելելու ԵՄ հրավերը: Փաշինյանի` Ռուսաստան կատարած այցերի, հայ-ռուսական հարաբերություններն ավելի խորացնելու մասին հայտարարությունների ֆոնին Բրյուսել այցելությունը ԵՄ ղեկավարության հետ հանդիպելու համար միանգամայն տեղավորվում է Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականության մեջ, սակայն եթե Բրյուսել այցելության առիթը ՆԱՏՕ գագաթաժողովն է, դա առաջացնում է որոշակի հարցեր: